Sevan, Armenia
13 - 23 July
2017
ChessAcademy.am

Ավարտին է մոտենում Սևանա լիճ 2017 մրցաշարը

2017-07-21

Այսօր քաղաք Սևանում կայացան Սևանա լիճ մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթին և Եգիպտոսը ներկայացնող Ամին Բասսեմը: Պարտիան ունեցավ հավասար ընթացք. կողմերից ոչ մեկը ռիսկի չդիմեց, և 49-րդ քայլին կնքվեց հաշտություն: Արագ ոչ-ոքիով ավարտվեց նաև մյուս առաջատարի՝ Մարտին Կրավցիվի և Հայկ Մարտիրոսյանի դիմակայությունը: Հովհաննես Գաբուզյանի հետ պարտիայում կարևոր կես միավոր ձեռք բերեց Մանուէլ Պետրոսյանը: Այս ոչ-ոքիի շնորհիվ Պետրոսյանն, անկախ վերջին տուրի արդյունքից, լրացրեց գրոսմայստերի ներմա, որն արդեն թվով երրորդն էր Մանուէլի համար: ՖԻԴԵ-ի հոկտեմբերին կայանալիք կոնգրեսում նրան պաշտոնապես կշնորհվի կոչումը: Ոչ-ոքիով ավարտվեցին նաև Իգոր Կովալենկո-Տիգրան Հարությունյան և Դարիուշ Շվարց-Սամվել Տեր-Սահակյան պարտիաները: Ութերորդ տուրի պարտիաներին հետևում էին Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար և համաշխարհային շախմատի ուժեղագույն շախմատիստներից Լևոն Արոնյանը և Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:




Developed by LAB64 LLC