Sevan, Armenia
13 - 23 July
2017
ChessAcademy.am

Փակման արարողություն

2016-07-27

Հուլիսի 26-ին Մարտունի քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Սևանա լիճ - 2016» շախմատի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Մինչև մրցաշարի փակման հանդիսավոր արարողության մեկնարկը ցուցադրվեց տեսանյութ, որը ներկայացնում էր մրցաշարի 9-օրյա պատմությունը` խաղային լարված պայքարից մինչև առօրյա անցուդարձը: Հանդիսավոր արարողության առթիվ մրցաշարի մասնակիցներին և ներկաներին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: «Ավարտվեց ևս մեկ մրցաշար, որն ընթացավ ըստ կանխատեսվածի. առողջ մրցակցային մթնոլորտում, լարված, հետաքրքիր և հազվագյուտ պարտիաներով, արդյունավետ ելքերով: 9-օրյա խաղերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին ինչպես մարզի, այնպես էլ հանրապետության և միջազգային շախմատասերների շրջանում: Այս մրցաշարում ես կարևորում եմ նաև այն նախաձեռնությունը, որ մարզի պատանի շախմատիստները հնարավորություն ունեցան շփվելու միջազգային գրոսմայստերների հետ: Դա ուսուցողական կարևոր նշանակություն ունեցավ և հիշարժան մնաց նրանց համար: Մենք առաջիկայում կսկսենք նախապատրաստվել «Սևանա լիճ-2017»-ին և կարծում եմ, որ հաջորդ տարի հնարավորություն կստեղծվի, որպեսզի մրցաշարի մասնակիցները նաև շրջայց կատարեն մարզի դիտարժան վայրերում: Ես շնորհավորում եմ «Սևանա լիճ - 2016» միջազգային մրցաշարում հաղթող ճանաչված գրոսմայստերներին, սակայն ուզում եմ ասել, որ այս մրցաշարում ևս հաղթեց բարեկամությունը, որն, իմ կարծիքով ամենակարևոր ձեռքբերումն է» - իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզի ղեկավարը:

    

    

Արարողության առթիվ շնորհավորանքի խոսքեր հնչեցրին  Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, մրցաշարի գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանը: «Սևանա լիճ - 2016» շախմատի միջազգային մրցաշարում վեցական միավոր հավաքեցին հնդիկ Վիդիտ Սանթոշ Գուջրաթին և ռուս Վլադիսլավ Արտեմևը: Բայց, քանի որ Սանտոշն ավելի բարձր վարկանիշային միավորներ ուներ, առաջին տեղը բաժին հասավ նրան, իսկ երկրորդ մրցանակակիր ճանաչվեց Վլադիսլավ Արտեմևը: Երրորդ արդյունքը ցույց տվեց լեհ գրոսմայստեր Յան-Քշիշտոֆ Դուդան՝ 5,5 միավոր: ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի Սամուել Սևյանը 5 միավորով գրավեց 4-րդ տեղը: 5-րդ արդյունքը նույն 5 միավորով ապահովեց Սամվել Տեր-Սահակյանը, 6-րդ արդյունքը՝ 4,5 միավորով՝ Իսպանիան ներկայացնող Դավիդ Անտոն Գուիջարոն: 7-րդ տեղը 4 միավորով գրավեց Ռոբերտ Հովհաննիսյանը, 8-րդ տեղը 3,5 միավորով՝ Արման Փաշիկյանը: 9-րդ տեղում էր ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկը, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակեց Հովհաննես Գաբուզյանը: «Սևանա լիճ - 2016» շախմատի միջազգային մրցաշարի փակումը և մրցանակաբաշխությունը ուղեկցվեց հանդիսավոր արարողությամբ և երաժշտական կատարումներով: Բոլոր մասնակիցների և մրցավարական կազմի համար հուշամեդալներ, պատվոգրեր և հուշանվերներ էին նախապատրաստվել Հայաստանի շախմատի ակադեմիայի, Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի շախմատի ֆեդերացիայի և Մարտունու քաղաքապետարանի կողմից:  




Developed by LAB64 LLC