ChessAcademy.am

4-րդ տուրի արդյունքներ

2016-07-21

Երեկ տեղի ունեցան «Սևանա լիճ 2016» մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները:

Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին Յան-Քշիշտոֆ Դուդան և Վլադիսլավ Արտեմևը: Պարտիան ունեցավ հետաքրքիր և դրամատիկ ընթացք, որտեղ Դուդան ուներ մեծ առավելություն, սակայն որոշիչ պահին կատարեց թագուհիների փոխանակում, որը ձեռնտու էր սևերով խաղացող Արտեմևին, և կողմերը անցում կատարեցին մի վերջնախաղի, որտեղ Դուդան ուներ արդեն թեթև առավելություն: 6 ժամ տևած պարտիայի վերջնամասում Արտեմևը թույլ տվեց կոպիտ վրիպում և խաղի 99-րդ քայլին անձնատուր եղավ:

Առաջատարներից մյուսը` Սամվել Տեր-Սահակյանը, մրցում էր Հովհաննես Գաբուզյանի դեմ: Պարտիան ունեցավ բավականին սուր ընթացք, և բարդ հաշվարկային դիրքում Տեր-Սահակյանը ուժեղ գտնվեց իր մրցակցից: 5-րդ տուրում Վլադիմիր Օնիշչուկի նկատմամբ գեղեցիկ հաղթանակ տոնեց Սամուել Սևյանը: Խաղի 11-րդ քայլին Սևյանը զոհաբերեց ձին և ստացավ ուժեղ գրոհ: Օնիշչուկը չկարողացավ գտնել ճիշտ պաշտպանողական քայլեր և խաղի 26-րդ քայլին Սևյանը հաղթեց: Տուրի մյուս երկու հանդիպուները, որտեղ միմյանց դեմ մրցում էին Դավիդ Անտոն Գուիջարո-Ռոբերտ Հովհաննիսյան և Վիդիթ Սանթոշ Գուջրաթի-Արման Փաշիկյան զույգերը, ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Այսպիսով 4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սամվել Տեր-Սահակյանը և Դուդա Յան-Քշիշտոֆը, ովքեր իրենց ակտիվում գրանցել 3-ական միավոր:




Developed by 5165m Studio