


Մրցաշարն ունեցավ մարտական մեկնարկ
2017-07-14
Գեղատեսիլ Սևանա լճի ափին մեկնարկած «Սևանա լիճ 2017» մրցաշարում կայացան առաջին տուրի հանդիպումները: Ըթացիկ տարում Հայաստանի տարածքում անցկացվող ուժեղագույն մրցաշարի անդրանիկ տուրն ստացվեց մարտական. բոլոր հանդիպումներն ունեցան հաղթական ավարտ: Մեկնարկային տուրը համընկավ մրցաշարի ամենաերիտասարդ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի ծննդյան օրվա հետ: Մինչև տուրի սկիզբը մրցաշարի կազմակերպիչները շնորհավորեցին Հայկին տարեդարձի կապակցությամբ, դե իսկ օրվա լավագույն նվերը Հայկն ինքը մատուցեց իրեն՝ հաղթանակի հասնելով միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի նկատմամբ: Առաջին տուրը հաջող չստացվեց Հայաստանի մյուս պատվիրակների համար. Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Մարտին Կրավցիվին, Մանուել Պետրոսյանը՝ Թամիր Նաբաթիին, իսկ Իգոր Կովալենկոն առավելության հասավ Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ: Այս բոլոր պարտիաներում հաղթանակներ տոնեցին սպիտակներով հանդես եկող շախմատիստները:
Շուրջ 5 ժամ տևած տուրի ամենաերկարատև պարտիայում օրեր առաջ Աֆրիկայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Բասսեմ Ամինը ուժեղ գտնվեց Դարիուշ Շվարցից: Սևերով հանդես եկող Ամինից հաղթանակի համար պահանջվեց 69 քայլ: